June 27, 2020

Հայագիտության զարգացման պետական հայեցակարգի շուրջ

Գայանե Այվազյան

Գրետային

Հայաստանում հայագիտության զարգացման հայեցակարգը պետական նպատակային միջոցառումների արդյունքում ոչ միայն արագ մտավ շրջանառության մեջ, այլև դարձավ տեղի հումանիտար գիտությունները ուղղորդող գերակա ծրագիր: Այս հրապարակումը փորձ է ցույց տալու հայեցակարգի մշակման ուղիները, գաղափարական հենքը և դրա շուրջ ստեղծելու բանավեճ:   

Դեռևս 2003 թ. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կողմից Հայաստանում կազմակերպվեց հայագիտության առաջին գիտաժողովը, որտեղ ժամանակվա իշխանությունների պահանջով որոշվեց մշակել հայագիտության բնութագրիչներ և հայեցակարգ, որը ներկայացվեց կառավարությանը՝ մասնավորապես արժանանալով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խանդավառ աջակցությանը:

2006 թ. ապրիլին Հայաստանի Ազգային ժողովում Դաշնակցության խմբակցության նախաձեռնությամբ տեղի ունեցան հայագիտական առարկաների դասավանդման հիմնախնդիրներին վերաբերող լսումներ, որ նվիրված էին «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող, հայագիտական առարկաների դասավանդման հիմնախնդիրներին առնչվող օրինագծերի քննարկումներին: Ելույթ ունեցողների խոսքում ընդգծվում էին հայեցի դաստիարակության, ազգի ինքնապահպանման և ինքնագիտակցության, ազգային գաղափարախոսության, անվտանգության հարցերը, որոնց բավարարմանը պետք է ուղղված լիներ հայագիտական առարկաների՝ հայոց պատմության, լեզվի, գրականության և կրոնի դասավանդումը դպրոցական և համալսարանական համակարգերի մեջ: Առաջարկվեց նաև տարբերակված մոտեցում ցուցաբերել հայագիտական առարկաների ուսուցիչների հանդեպ և վճարել մյուսներից ավելի բարձր աշխատավարձ[1]:

2006 թ. հոկտեմբերի 13-ին հայագիտության զարգացման համալիր ծրագիր մշակելու նպատակով ստեղծվեց հանձնաժողով, որն ընդգրկում էր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և հումանիտար ոլորտի ինստիտուտների և ամբիոնների ղեկավարներին: 2010 թ. նոր որոշում ստորագրվեց ուժը կորցրած ճանաչել նախորդ հրամանը և նույն սկզբունքով ստեղծել հայագիտության հարցերով նոր խորհուրդ:  2012 թ. հունվարին արդեն կառավարության արձանագրային որոշմամբ հավանության արժանացավ Հայագիտության զարգացման հայեցակարգը, ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը, որը ներառում է 2025 թ.:

Հայագիտությունը ստացավ համապետական ռազմավարության կարգավիճակ և դրա հերկող մեքենայի ամբողջ թափը և ընդգրկման մասշտաբները պատկերացնելու համար բավարար է աչք գցել հայագիտության ուսումնասիրության առարկային, որը ձևակերպված է ռազմավարության հենց առաջին դրույթում. այսպես՝ հայագիտությունը գիտությունների համակարգ է, որը ներառում է հայ լեզվաբանությունը (հայոց լեզուն իր բոլոր դրսևորումներով), հայ գրականագիտությունը (իր բոլոր դրսևորումներով), հայ պատմագիտությունն իր օժանդակ գիտություններով (հնագիտություն, ազգագրություն, աղբյուրագիտություն, պատմագրություն, մատենագրություն և մատենագիտություն, վիմագրագիտություն, վավերագիտություն ու դրամագիտություն, Հայաստանի պատմական աշխարհագրություն, պատմական ժողովրդագրություն, մարդաբանություն և այլն), պատմական բժշկագիտությունը, հայ իրավագիտությունը, հայ հասարակական-քաղաքական և տնտեսագիտական մտքի պատմությունը, հայ իմաստասիրությունն ու արվեստագիտությունը, սփյուռքագիտությունը, հարևան ժողովուրդների հետ հայերի պատմամշակութային հարաբերությունների ուսումնասիրությունը: Այսինքն՝ հայագիտությունը զբաղվում է հայկական հումանիտար և հասարակական գիտությունների բոլոր դրսևորումներով անխտիր[2]

Հայեցակարգի ընդհանուր դրույթներում բավական հստակ և անթաքույց են ձևակերպված նաև հայագիտության հիմնախնդիրները, որոնք էլ պայմանավորում և սահմանում են վերը նշված գիտակարգերի ուսումնասիրության գաղափարական  շրջանակները և հետամտած նպատակները: Այսպիսով, հայագիտությունը կոչված է պահպանելու ժողովրդի ազգային նկարագիրը, իրականացնելու սերունդներին կրթելու, հայեցի դաստիարակելու[3], հայրենիքին նվիրված, բարոյական բարձր հատկանիշներով օժտված քաղաքացի ձևավորելու, նրա ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, ռազմահայրենասիրական դաստիարակությունը, երկրի տարածքային ամբողջականության և հայոց պետականության պաշտպանությանը պատրաստ անհատ կերտելու գործը[4] (այս և հետագա ընդգծումները՝ Գ.Ա.): Հայագիտության կիրառական խնդիրների կենսագործման միջոցառումները պետք է ելնեն հայկական ուրույն քաղաքակրթության առանձնահատկություններից, ուստի և հետազոտական աշխատանքների կիզակետում պետք է լինեն հայ ժողովրդին հատուկ էական հատկանիշների բացահայտումն ու արժևորումը, որոնք նպատակաուղղված կլինեն ազգային ինքնության պահպանմանը[5]: Հայագիտությունը հռչակվում է պետական-ազգային քաղաքականության ծրագրի էական բաղադրիչ[6]: Մի կողմից՝ այն նպատակ ունի ամենօրյա ռեժիմով պահպանել «հայկական քաղաքակրթության» ազգային նյութական և հոգևոր արժեքները[7], մյուս կողմից՝ պայքարել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարվող հակահայ քարոզչության դեմ՝ պետական միջոցներով համաշխարհային հանրությանը ներկայացնելով հայ ժողովրդի պատմությունը, լեզուն և պատմամշակութային ժառանգությունը[8]: Հայագիտությունը դասվում է պետականության ամրապնդման, ազգային ինքնագիտակցության խորացման և ազգային անվտանգության ապահովման[9] միջոցառումների կարգին, որը պետք է դառնա գործոն՝ հայոց պետականության շուրջ հայերի համախմբման համար[10]:

Մինչև հայեցակարգի ընդունումը հայագիտության ընկալումը Հայաստանում տարբեր էր դրա՝ այսօր ունեցած նշանակությունից: Ինչպես ակադեմիական գրականության մեջ, այնպես էլ կրթական ծրագրերում հայագիտության անվան տակ հասկացվում էր դասական հայագիտությունը, որն ուսումնասիրվել է արաբագիտության, իրանագիտության, վրացագիտության, ասորագիտության և արևելագիտության այլ ճյուղերի հետ սերտ առնչությամբ՝ զարգանալով գլխավորապես 19-րդ դարում` սկզբում եվրոպական դպրոցներում, ապա Ռուսաստանում: Չնայած դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին Արևմուտքում սկիզբ առած օրիենտալիզմի քննադատությանը և պոստկոլոնիալ տեսություններին՝ հայագիտության ունեցած իմպերիալիստական-գաղութատիրական նշանակությունը քննության չի առնվել Հայաստանում մեզ ծանոթ ակադեմիական և կրթական միջավայրերում: Հայագիտության շուրջ դատողությունները առաջ չեն անցել օրիենտալիստ Մարի-Ֆելիսիտե Բրոսսեի, Վիկտոր Լանգլուայի և այլոց կենսագրությունները սերտելու պարտականությունից և եվրոպացի ու ռուս արևելագետների ուշադրությանը արժանանալու հրճվանքի անթաքույց զգացողությունից, որ ներարկվել է հայագիտության առարկայի դասավանդման տեղական ծրագրերում:

Հայագիտության հայեցակարգը և առավելապես դրա հանդեպ եղած պետական բարձր հովանավորչությունը վերջին տարիներին կտրուկ փոխել են հայագիտության ընդգրկումը՝ վերջինիս գաղափարական հովանոցի տակ առնելով հումանիտար և հասարակական գիտակարգերի լայն մի շրջանակ: Հայեցակարգի հռչակած սկզբունքներն ու նպատակները շռնդալից արագությամբ յուրացվել են դրանց թիրախում գտնվող բոլոր ոլորտներում: Սակայն որքան էլ հայաստանյան հայագիտական հայեցակարգը հավակնում է յուրատիպ ազգային նախագիծ լինելուն, այն, մի կողմից, սովորական ազգայնական ծրագիր է, մյուս կողմից՝ մեծապես վերարտադրում է նախասաիդյան գաղութատիրական օրիենտալիզմի մի շարք կաղապարներ: Արևելագիտության, այդ թվում՝ հայագիտության առարկան եղել է արևելքի ժողովուրդների մասին գիտելիքի ստեղծումը և հետո դրա տիրաժավորումը: Այդ գիտելիքը չի ձևավորվել որպես ինքնին գիտություն (այսինքն՝ դիսցիպլին), լեզվաբանության, պատմագիտության, աշխարհագրության առանձին ուսումնասիրության առարկա չի դարձել, այլ արևելագիտության մեկ ընդհանրական, ամբողջական համակարգում ժողովուրդներ ու մշակույթներ, այդ թվում և հայերին դիտարկել է որպես մի տեսակ, միավոր՝ օժտված ընդհանրական հատկանիշներով, որտեղ մարդը դուրս է մնում առանցքից: Մինչ օրս հայաստանյան հումանիտար և հասարակական գիտությունները շարունակում են մեծ մասով ենթարկված լինել օրիենտալիզմի տեղական ագենտների տիրապետությանը և չնչին խմբագրումներով վերարտադրում են գաղութատիրական արևելագիտության տարբեր դպրոցներում Հայաստանի և հայերի մասին արտադրված գիտելիքը:

2003-ից մինչև 2012 թ.՝ շուրջ տասը տարի, այս հայեցակարգը խմորվել է: 13 էջանոց (որից 5 էջը կատարման ժամանակացույցն է) այս ռազմավարության շուրջ եղել են գիտաժողովներ, քննարկումներ, մշակումներ, լսումներ, ձևավորվել են ամենաբարձր մակարդակի հանձնաժողովներ, վստահաբար, ծախսվել են նյութական պատկառելի ռեսուրսներ: Սակայն աղբյուրագիտական պարզ համադրությունից երևում է, որ համապետական այս հայեցակարգը 2004 թ. դաշնակցական պատմաբան Գևորգ Խուդինյանի հեղինակած «Հայագիտությունը 21-րդ դարում» երկու մասից բաղկացած հոդվածի պաշտոնական կոնսպեկտն է ընդամենը[11]: Այսպես, որքան էլ Խուդինյանի մտքերը առավել պարզ և լակոնիկ լեզվով են փոխադրված հայեցակարգի ծրագրային տարբեր կետերում, այնուամենայնիվ, սպրդել են որոշ տիպական եզրույթներ և արտահայտություններ՝ ազգ-արժեք, փոխբացասման-փոխներթափանցման սկզբունք և այլն, որ ուղղակիորեն և անմիջապես մատնում են հայագիտության հայեցակարգի  կապը «Հայագիտությունը 21-րդ դարում» հոդվածի հետ:

Ինքը՝ Խուդինյանը, լինելով  հայեցակարգի գլխավոր ճարտարապետը (նրա մտքերն են ընկած հայեցակարգի հիմնական բովանդակության հիմքում, մնացածը տեխնիկական-կազմակերպչական բնույթի դրույթներ են), չի ընդգրկվել կառավարական հանձնաժողովներում, և դժվար կլիներ ռազմավարության պետական հանձնաժողովներում բուհական և ակադեմիական ղեկավար այրերի անունների առատության մեջ անմիջապես կռահել հայագիտական հայեցակարգի վրա Խուդինյանի ունեցած համապարփակ ազդեցության մասին: Սակայն պատմաբանի «Հայագիտությունը 21-րդ դարում»  երկմաս հոդվածը ոչ այնքան կարևոր է համապետական հայեցակարգի  հեղինակի ճշտորոշման, որքան այդ ռազմավարության խորքային նպատակները, դիտավորությունները որպես գիտակցված և հաշվարկված քաղաքականություն ընկալելու տեսակետից: Դեռևս հեռավոր 2004 թ. տպված այս ծավալուն հոդվածը բանալի է հայագիտության համապետական հայեցակարգը կարդալու համար. եթե պաշտոնական փաստաթուղթը գիտության առաջընթացի մասին հատուկենտ խոստումներով սքողում և չորուցամաք արձանագրում է համապետական ծրագրի կատարողականը, ապա Գ. Խուդինյանի հոդվածը վեր է հանում  հայեցակարգի գաղափարական հենքը և մանրամասնում հայագիտությանը վերապահված իրական դերը:

Ըստ Խուդինյանի՝ առաջին հայագետն է եղել Մեսրոպ Մաշտոցը, որ բանաձևել է հայագիտության սկզբնական նպատակը՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»[12]։ Սակայն ժամանակակից հայագիտությունը` գլոբալիզացիայի պայմաններում, երբ տեղեկատվությունը վերածվում է զենքի, համաշխարհային բեմահարթակում մրցավեճի է դուրս գալիս՝[13] «նոր սերնդի հայեցի դաստիարակության և մեր հոգևոր ու նյութական մշակույթի զարգացումը խթանելու, ինքնապահպանման» խնդիրներ լուծելու համար[14]: «Հայագիտության մեջ մարդը, հստակորեն, որոշակի ազգի՝ հայ ազգի ներկայացուցիչ է և, որպես այդպիսին, ո՛չ թե բնության, այլ՝ ինքն իր նմանների և այլ ազգերի հետ հարաբերվող սուբյեկտ»[15]: Եւ որքան էլ հոդվածում փորձ է արվում  գիտության և քաղաքականության արանքում մի այնպիսի միջանկյալ տեղ ամրագրել հայագիտության համար, որը հնարավորություն կտա, մի կողմից, իրացնել ազգային շահերի պաշտպանության առաջադրանքը, մյուս կողմից՝ կատարել գիտական ճշմարտության որոնման աշխատանքներ,[16] այնուամենայնիվ, վերջինը պարտվում է առաջինին:

Իբրև «հայեցի դաստիարակության» կարևոր բաղադրիչ գիտական գիտելիքը դառնում է «մեռյալ», եթե չի ծառայում որպես պետական քաղաքականության զենք[17]: «Իսկ գիտական գիտելիքի կիրառական նշանակության հստակեցումը պատկանում է ո՛չ թե գիտության, այլ՝ գիտական քաղաքականության ոլորտին, այսինքն՝ հայագիտական համակարգին: Սրանով, հայագիտական համակարգի առաջին, բայց ամենակարևոր «անիվը» կսկսի «պտտվել» ընդհանուր մեքենային անհրաժեշտ արագությամբ, սակայն, միաժամանակ, բացարձակապես չի շեղվի հիմնարար  գիտելիքներ արտադրելու իր բուն խնդրից, այսինքն՝ կզբաղվի միայն ու միայն գիտությամբ՝ ճշմարտության որոնումով, առանց դույզն-ինչ մտահոգվելու գիտական գիտելիքի երկսայրի սուր լինելու փաստի մասին, քանզի հայագիտության գործառույթների տվյալ համակարգի մեջ՝ նման մտահոգությունը ամենևին էլ նրա գործը չէ»[18]:

Հայագիտության արդյունքները տնօրինում է «քաղաքական պլանավորման օղակը»՝ լինելով ողջ հումանիտար ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման «ուղեղային կենտրոնը», որ  կրթության, գիտության կամ մշակույթի ոլորտում ծրագրեր է մատակարարում կառավարությանը[19], որն էլ իր հերթին դրանք գործադրում է հանրապետության պետական մարմինների միջոցով[20]: Քաղաքական պլանավորման օղակին է վերապահված ոչ միայն ներքին ագիտացիայի հումքը վերամշակելը, այլև արտաքին աշխարհի հետ հարաբերվելու եզրերը կանխորոշելը: Օրինակ՝ եթե հայ ժողովրդի հոգեբանության մեջ նկատվում են բացասական գծեր, որոնք նրան խոցելի են դարձնում արտաքին աշխարհում, ուղեղային կենտրոնը կառավարությանն է ներկայացնում «հիվանդության» բուժման դեղատոմսը, «մշակում և իրականացնում է հայ ժողովրդի շուրջ նման կերպարի (իմիջի) ձևավորման հնարավորությունները բացառող՝ դրական պատկերի ստեղծմանն ուղղված քայլեր: Ստացվում է, որ մենք մեր ներսում հաղթահարում ենք մեր թերությունները, արտաքին աշխարհին մատուցելով՝ առավելությունները»[21]: Ազգի կատարելության չափանիշը, կամ ինչպես ռազմավարության մեջ է գրված «հայ ժողովրդին հատուկ էական հատկանիշների» բարձրակետը, հայերին` որպես «բնիկ, արիական, արևելաքրիստոնեական և միաժամանակ՝ եվրոպական քաղաքակրթության պատվար» սահմանելն է[22], հայագիտությունը կոչված է  փրկելու «էլիտար մշակույթի քայքայումը» և  կանխելու «գավառական-ասիական ավանդույթների «վերաթարմացումը»՝ ժողովրդական մշակույթի անվան տակ»[23]:

Ռազմավարության դաշնակցական հոր այս խանդավառ ուղղորդումները ճանապարհ են ցուցում Հայաստանը հիմնովին թաղելու մտավորական խավարի գրկում: Հայագիտության հետազոտողը դատապարտված է լինել գիտության քաղաքականությունը մշակող կենտրոնի  սպասարկու գործիք. նա քաղաքականություն ստեղծող չէ, անգամ դրան մոտ գալու իրավասություն չունի, այլ սոսկ վերջինիս մատակարարն է և իր «գործը չէ» իր հետազոտական աշխատանքի քաղաքական կիրառությունը: Հայագիտության այս ծրագիրը բացահայտում է Հայաստանում մարդու ոչնչացման պետական քաղաքականությունը, որտեղ նա դատապարտված է ունենալ իշխանության կողմից սահմանված ցեղի, կրոնի և քաղաքակրթության պատկանելությունը, բայց ոչ երբեք մարդ լինելու ազատությունը: Վերջին տարիներին Հայաստանի դպրոցներից մինչև առանձին հասարակախավերը էլիտարացման ահագնացող ծավալների ֆոնին ամենևին զարմանալի չէ հայագիտության քաղաքական հանձնառությունը ծառայելու էլիտար մշակույթին՝ ի հակադրություն գավառական, այսպես կոչված՝ ժողովրդական մշակույթի:      

Հայագիտության համապետական այս նպատակների սպասարկման հեռանկարը միանգամից լայն աջակցություն ստացավ Հայաստանի ակադեմիական շրջանակների կողմից. դեռևս 2003 թ. Գիտությունների ազգային ակադեմիայի հումանիտար գիտությունների բաժանմունքը վերանվանվեց հայագիտության և հասարակական գիտությունների  բաժանմունքի, ստեղծվեցին հայագիտական հետազոտությունների կենտրոններ, բանբերներ, ֆոնդեր և այլն: Հրապարակին հետքեր չկան իսկ, որ կնշմարեն այս հայեցակարգի գաղափարական ուղերձների հանդեպ մտավորական դիմադրության փորձեր: Հակառակը՝ հետազոտողների խմբերը մեծ քայլերով ընդառաջել են գլխավորապես կրոնի, եկեղեցու, բանակի, Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ պետության քաղաքականությունը ակադեմիական նախագծերով սպասարկելու գայթակղությանը: Բավական է պարզապես ծանոթանալ Հայաստանի գիտության քաղաքականությունը մշակող և իրականացնող Գիտության պետական կոմիտեի թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում մրցույթով անցած թեմաների ցանկին: Ահավասիկ, վերջին 10 տարվա ընթացքում պետական բյուջեի հաշվին իրականացված ծրագրերից մի քանի օրինակ՝ «Կրոնը Հայաստանի հասարակական կյանքում», «Դրվագներ հայ աստվածաբանական մտքի պատմությունից» (2010), «Հայաստանի Հանրապետության ադրբեջանաբնակ ապստամբ շրջանների հնազանդեցումը 1919-1920թթ.», «Միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության արծարծումների տեքստաբանական քննություն» (2013), «Հայոց փիլիսոփայությունը որպես ազգային ինքնության հարացույցերի կառուցարկման, գործառման ու արդիականացման գործոն», «Կրոնական արդի գործընթացները էթնոմշակութային արժեքների պահպանման համատեքստում» (2015), «Ազգային ինքնության ձևավորման հիմնախնդիրը ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման արդի գործընթացների համատեքստում», «Ազգ‐բանակ» հայեցակարգի գաղափարաքաղաքական հիմքերը» (2018): Հայաստանյան ակադեմիան, որ ժառանգություն է մնացել խորհրդային տոտալիտար համակարգից, այդպես էլ չի կարողացել իրական տրոհման և բազմակարծության հանգել հետխորհրդային ժամանակաշրջանում՝ դառնալով քաղաքական մի գաղափարախոսության հլու սպասարկողից մեկ ուրիշի կամակատար ծառան: Հումանիտար և հասարակական միտքը այսպես կոչված մարքսիստ-լենինյան գաղափարաբանությունից անցում է կատարել լիբերալ ազգայնականության շեշտված գծին՝ աննահանջ հսկելով պահպանողականության բարիկադները և անհաղորդ մնալով ժամանակակից աշխարհում պտտվող գաղափարական այլ հոսանքներին և քաղաքականություններին: 

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ պաշտոնավարումից (2003-2008) մինչև 2025 թ. հումանիտար ոլորտի պետական քաղաքականությունը վերարտադրում է արևելագիտության  իմպերիալ-գաղութատիրական մտքի կաղապարները՝ համեմված ավելի ուշ շրջանում ստեղծված նացիստական գաղափարաբանության որոշ տարրերով: Հայաստանում հումանիտար և հասարակական գիտությունները արդեն իսկ հրահանգավորված են նախապես ձևակերպված հետազոտության վերջնարդյունքով, ուսումնասիրողը կարիք չունի ճանաչողության, հայագետի առաքելությունը մտահանգման, նոր դատողության բխեցմանը հասնելը չէ, նա պետք է միայն վերօրինակի և վերահաստատի կառավարող համակարգի կողմից նախասահմանված գաղափարական շաբլոնները: Հայագիտության հայեցակարգը արձանագրում է առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը չի վերաճել նույնիսկ քաղաքացիական հասարակության աստիճանի, այլ տակավին մնացել է մոնոլիտ ազգային հանրույթի մակարդակում: Ազգային վարագույրի հետևում, սակայն, խնամքով թաքնված է ինքնագաղութացման մշակված մի ծրագիր, որը Հայաստանի կառավարությունը գործադրել է իր քաղաքացիների նկատմամբ: Արտաքին քաղաքական երկարատև շրջափակման պայմաններում Հայաստանում ձևավորվել է քաղաքական և տնտեսական բրգաձև օլիգարխիկ համակարգ, որը ստեղծել է հարուստ փոքրամասնության և աղքատ մեծամասնության սուր բևեռացում: Փակ սահմանների և անվերջ պատերազմական դրության պարագան հայկական էլիտաներին քաղաքական և տնտեսական պատկառելի ռեսուրսների տեր է դարձրել, և անչափելի է նրանց ունեցած շահը իրերի նման դրությունից, որը երկարաձգելուն էլ միտված է հայագիտությունը:

Պատերազմի ու աղքատության ճիրաններում տառապող հասարակության լայն շերտերին շարունակաբար պահելու քաղաքականությունը պիտի ստեղծեր հայագիտությունը, եթե անգամ այն գոյություն չունենար: Հայագիտությունը Հայաստանում ինքնության արտադրամաս է, որի գործը երկու հիմնական կաղապար դաջելն է: Մի կողմից՝ այն հնարավորինս ողորկ և միաբջիջ հայկական օրգանիզմ է ծեփում՝ դրանում միավորելով Հայաստանի և Սփյուռքի հայերին, նրանց զրկելով  դասակարգից, սեռից, սեռականությունից, աշխարհայացքից և որևէ այլ տարատեսակությունից, փոխարենը հագցնելով իր ստեղծած ինքնության զսպաշապիկը: Մյուս կողմից՝ հայագիտությունը ազգային վտանգի և բնաջնջման մշտարթուն վախ է ներարկում Հայաստանի քաղաքացուն՝ աշխարհի գլոբուսը գրատախտակի պես հարթեցնելով և կիսելով այն հակահայ և հայամետ մասերի: Հայագիտության սահմանմամբ՝ Հայաստանի անմիջական  հարևաններից երեքը թշնամական են: Դրանցից Թուրքիան և Ադրբեջանը բացարձակ թշնամական են և վիճարկում են հայերի գոյության իրավունքը, իսկ Վրաստանը հարաբերական թշնամական է՝ այն տարբերությամբ, որ չի վիճարկում հայերի գոյության իրավունքը: Հայասիրական  և բարեկամական են ռուսական, իրանական, եվրոպական ռազմավարությունները[24]: Հայագիտության հայեցակարգը հետևողականորեն օտարում է Հայաստանի բնակչությանը իր զբաղեցրած աշխարհագրական միջավայրից, լարում իր բնական կենսատարածքի դեմ՝ վանելով այս տարածաշրջանում խաղաղ համակեցության հեռանկարը, փակելով երկխոսության և հաշտության տարածքները:

Նման օրակարգով  հետադիմական այս նախագիծը երկու տասնամյակ է՝ գիտելիք է արտադրում, վերամշակում և ներմղում հանրապետության կրթական, մշակութային և հանրային կյանքի տարբեր ոլորտներ: Հայագիտությունը հաջողությամբ է լուծել իր առջև դրված խնդիրները, և մոտավոր ապագայում չի երևում նրա այլընտրանքը Հայաստանում: Բայց հումանիտար ոլորտում այս հայեցակարգի գործադրումը գուժում է հայաստանյան մտավորական կյանքի ձախողման բոթը: Հետխորհրդային ժամանակները և անկախության նվաճումը հենց ուղղորդված և հրահանգավորված միտքը թոթափելու և ազատությունը փորձառելու դռներ պետք է բացեին, այդ թվում՝ սեփական անցյալը վերարժևորելու համար: Սակայն երրորդ հանրապետությունում հումանիտար և հասարակական միտքը ակադեմիական ոլորտում ավելի շատ  տեղավորվել է էլիտար վերադաս փոքր խմբերի կրունկի տակ և սպասարկել վերջիններիս օրակարգերը, քան հասարակությանը տվել հանրային մտավորականներ, որոնք կձևակերպեին լուսանցքներում գտնվող սոցիալական-հասարակական խմբերի ձայնը, որ լսված չեն և անտեսված են:   


Գայանե Այվազյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը: Պատմական գիտությունների թեկնածու է, աշխատում է Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում: Որպես հրավիրյալ մասնագետ՝ աշխատել է Գրացի, Բիլկենտ, Շեհիր, Լյուվենի կաթոլիկ, Բլագոեվգրադի Նեոֆիտ Ռիլսկիի, Սալոնիկի հելլենական համալսարաններում:


[1] «Հայագիտության զարգացումը օրախնդիր է» (4 ապրիլ 2006). http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=1738&year=2006&month=04&day=04 (այց՝ 20  ապրիլի 2020):
[2] «Հայեցակարգ հայագիտության զարգացման» (այսուհետ՝ Հայեցակարգ) (12 հունվար 2012). https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/2012/01/qax1-7_1.pdf (այց՝ 20 ապրիլի 2020), մաս I, ¶¶ 1-4:
[3] Հայեցակարգ, մաս IV, ¶ 1:
[4] Հայեցակարգ, մաս III, ¶ 12:
[5] Հայեցակարգ, մաս III, ¶ 16:
[6] Հայեցակարգ, մաս I, ¶ 2:
[7] Հայեցակարգ, մաս III, ¶ 13:
[8] Հայեցակարգ, մաս V, ¶ 9:
[9] Հայեցակարգ, մաս IV, ¶ 2:
[10] Հայեցակարգ, մաս I, ¶ 3:
[11] Խուդինյան, Գևորգ. «Հայագիտությունը 21-րդ դարում. Ազգային շահերը և հայագիտության նպատակները մրցակցային նոր միջավայրում». Մաս առաջին, 21-րդ դար, 3 (2004), 24-42;  նույնի՝ «Հայագիտությունը 21-րդ դարում. Հայագիտության գործառույթները ազգային շահերի պաշտպանության համատեքստում». Մաս երկրորդ, 21-րդ դար, 2(4) (2004), 3-29:
[12] Խուդինյան 2004, մաս առաջին, 34:
[13] Խուդինյան 2004, մաս երկրորդ,  21-22:
[14] Խուդինյան 2004, մաս առաջին, 38:
[15] Խուդինյան 2004, մաս երկրորդ, 4։
[16] Խուդինյան 2004, մաս առաջին, 38-39:
[17] Խուդինյան 2004, մաս երկրորդ,  6:
[18] Խուդինյան 2004, մաս երկրորդ, 11-12:
[19] Խուդինյան 2004, մաս երկրորդ, 27:
[20] Խուդինյան 2004, մաս երկրորդ, 16:
[21] Խուդինյան 2004, մաս երկրորդ, 28:
[22] Խուդինյան 2004, մաս առաջին, 23:
[23] Խուդինյան 2004, մաս երկրորդ, 7:
[24] Խուդինյան 2004, մաս երկրորդ, 19-20: