February 4, 2020

«Գիրք փակեալ կուռք են»․

Գարեգին Սրվանձտյանցի ցուցակագրած ձեռագրերի հետքերով1

Անուշ Սարգսյան2

Նվիրում եմ Գարեգին Սրվանձտյանցի 180-ամյակին

Հայերեն ձեռագրերից 9000 միավոր կորսված է համարվում Օսմանյան կայսրությունում Համիդյան զանգվածային կոտորածների (1894-1896 թթ․) և Հայոց ցեղասպանության (1915-1923 թթ․) հետևանքով3: Կայսրության տարածքում հայերեն ձեռագրական հավաքածուների մասին փաստող ապացույց են մինչև նշված իրադարձությունները կազմված ձեռագրացուցակները։ Ձեռագրերի առաջին ցուցակագրողներից մեկն է Գարեգին Սրվանձտյանցը, ով իր «Թորոս Աղբար Հայաստանի ճամբորդ» (այսուհետ՝ Թորոս Աղբար) երկհատոր աշխատասիրության մեջ հրապարակել  է ձեռագրերի ցանկեր ու հիշատակարաններ (ընդհանուր հաշվով 549 ձեռագիր)4։

Թորոս Աղբարի ձեռագրերի հանդեպ իմ հետաքրքրությունը սկսվեց Ամիդի (Տիգրանակերտ, Դիարբեքիր) գրչության կենտրոնի վերաբերյալ տվյալներ հավաքագրելիս։ Դեռևս 2015 թվականին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված «Վերապրած Մշակույթ» խորագրով  գիտաժողովին հանդես եկա զեկույցով՝ փորձելով  մանրանկարների միջոցով վերակերտել  կորսված ձեռագրերի արժեքը5։ Սակայն այդ ժամանակ բախվեցի այն խնդրին, որ  աշխատությունից օգտվելը մեծ դժվարություն է ներկայացնում, քանի որ Թորոս Աղբարի առաջին հրատարակությունը մատենագիտական ցանկեր չունի։ Իսկ Ազգագրության ու հնագիտության ինստիտուտի պատրաստած Սրվանձտյանցի երկերի երկհատորյակից, որում տեղ է գտել նաև նշված աշխատությունը, ձեռագրերին վերաբերող հիշատակարանները առհասարակ դուրս են թողնվել6։ Այս պատճառով նախաձեռնեցի ներկա հետազոտությունը, որում ներկայացրել եմ ձեռագրերի ցուցակագրման պատմությունն ու նկարագրության եղանակն, ինչպես նաև դրանց անցած ճանապարհը։ Մատենագիտական ցանկերի բացը լրացնելու և ցուցակագրումը համակարգելու համար հավելվածով կազմել եմ ցանկ-տախտակ, որով կարելի է հիմնական տեղեկություններ քաղել ձեռագրերի վերաբերյալ։  Համեմատություն անցկացնելով և հիմնվելով նախորդ հեղինակների կատարած աշխատանքի վրա՝ փորձել եմ նաև պարզել, թե քանի ձեռագիր է պահպանվել և որ հավաքածուներն են համալրել դրանք․ ինձ հաջողվել է գտնվածների թիվն համալրել 13-ով (ընդհանուր հաշվով 21 ձեռագիր)։  Սակայան, լիահույս եմ, որ այս հրապարակման օգնությամբ  նոր ձեռագրեր ի հայտ կգան և  կհամալրեն գտնված ձեռագրերի ցանկը7։ Կարծում եմ, որ հետազոտությունը կարող է նաև ընդլայնվել ձեռագրերի տեղաշարժը ցույց տվող վիճակագրությամբ (Mapping Manuscript Migrations)։


Գարեգին Սրվանձտյանց, 1840-1892 թթ.

Ծնունդով վանեցի Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը (1840-1892 թթ.), իր գործունեությունը սկսելով Վարագա վանքի Ժառանգավորաց վարժարանից ու «Արծուի Վասպուրական» պարբերականից, գրեթե ողջ կյանքի ընթացքում ուսումնական ու եկեղեցական բարձր պաշտոններ է զբաղեցրել պատմական Արևմտյան Հայաստանի մի շարք բնակավայրերում ու Տրապիզոնում8։ Պաշտոնական հանձնառությունների հետ մեկտեղ՝ գիտնականի ու արվեստագետի մտածողությամբ այդ հոգևորականը կարողացել է վեր հանել ու հրապարակել մշակութային ու բանահյուսական ժառանգության հսկայական շերտ, այդ թվում նաև հայ ժողովրդական էպոս «Սասնա ծռերի» առաջին պատումը՝ դառնալով հայ ազգագրության ու բանագիտության հիմնադիրը։

Սրվանձտյանցի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև հայերեն ձեռագրերը, որոնք մեծ մասամբ տեղ են գտել հեղինակի «Թորոս Աղբար Հայաստանի ճամբորդ» երկհատոր աշխատության մեջ9։ Ինքն իրեն թորոս Աղբար անունով հայտնի թռչնի հետ նույնացրած Սրվանձտյանցը 10 նշված ճամփորդությունն իրականացրել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանի (1874-1884 թթ.) հանձնարարականով, որը վավերացվել է պաշտոնական կոնդակով11։

Կոնդակի ու արխիվային հավելյալ փաստաթղթերի համաձայն՝ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո պատրիարքը գործուղել է վարդապետներ Գարեգին Սրվանձտյանցին, Վահան Տեր-Մինասյանին (Պարտիզակցի) և Արիստակես Տեր-Սարգսյանին (Տևկանց) Օսմանյան կայսրության հայաբնական գավառներ12` վիճակագրություն ու գույքագրում անցկացնելու։ Տարբեր ուղղություններով մեկնած գործիչների տեղեկությունները պետք է ծառայեին Կ․ Պոլսի Ազգային ժողովին ու վարչության անդամներին13։ Պատրիարքի հանձնարարականով 1879 թվականին Գարեգին Սրվանձտյանցը երկրորդ ուղևորությունն է կատարել այս անգամ արդեն սուլթանական կառավարության երկու կոմիսարների և նրանց ուղեկցող Ազգային ժողովի հայ պաշտոնյաների հետ միասին Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի համատեքստում հայության իրավիճակին ծանոթանալու նպատակով14։ Այս երկու ուղևորությունների հիման վրա գրված աշխատությունն, այնուամենայնիվ, ոչ պաշտոնական բնույթ է կրում15։

Թորոս Աղբար աշխատությունից տեղեկություններ կարելի է քաղել ինչպես վարչա-տարածքային միավորների ու հայության թվաքանակի, այնպես էլ հայկական եկեղեցիների, վանքերի, դպրոցների, կալվածքների պատմության ու վիճակի վերաբերյալ։ Շարադրանքի մաս են կազմում  ձեռագրերն ու դրանց հիշատակարանները, որոնք հեղինակը տեսել է Մարզվանից Տիգրանակերտ (Դիարբեքիր) ճանապարհի վանքերում, եկեղեցիներում և անհատների մոտ: Շարքը լրացված է Վանում ու Բաղեշում (Բիթլիս) նախապես հավաքագրված  հիշատակարաններով: Գրքի առաջին մասում, ըստ գտնվելու վայրի, ցուցակագրված է 134 ձեռագիր, իսկ երկրորդ մասում 41516:

Լինելով հայերեն ձեռագրերի առաջին ցուցակագրողներից մեկը՝ Սրվանձտյանցը ձեռագրերը նկարագրել է ներկա չափորոշիչներից տարբեր եղանակով17։ Գտնվելու վայրով խմբավորված ձեռագրերից յուրաքանչյուրի նկարագրությունը սկսվում է վերնագրից (Ավետարան, Մաշտոց, Ճառընտիր և այլն)։ Վերջիններս երբեմն ուղեկցվում են նկարագրական բնույթի տվյալներով։ Նմանատիպ մեկնաբանությունների միջոցով կարելի է տեղեկանալ ձեռագրերի ընդհանուր չափերին, գրի տեսակին և նկարազարդումներին վերաբերյալ, ինչպես օրինակ՝ «Աւետարան. Սասունցի ըսուած, մեծադիր, երկաթագիր, ընտիր» կամ «Աստուածաշունչ. պատկերազարդ, ոսկենկար, չքնաղարուեստ»18։ Երբեմն հանդիպում են նաև բովանդակության նկարագրութուններ։ Այս տվյալներիի հետ մեկտեղ Սրվանձտյանցը հնարավորության դեպքում  արտագրել է նաև  ձեռագրերի հիշատակարանները։

Գարեգին վ․ Սրուանձտեանց, Թորորս Աղբար Հայաստանի ճամբորդ, մասն Բ, (Կ. Պօլիս, Գ. Պաղտատլեան տպ., 1884):

Բովանդակության վերջում տեղակայված հայերեն ձեռագրերի հիշատակարանները, սովորաբար, նույնատիպ կառուցվածք և շարադրանք ունեն19։ Դրանք սկսվում են փառատվությամբ («Փառքով») և ավարտվում Տիրոջն ուղղված թողության կամ շնորհակալության խոսքերով։ Միջակայքում ներկայացված է լինում ձեռագրի ստեղծման պատմությունը: Այդտեղ կարելի է տեղեկանալ, թե երբ, որտեղ, ում կողմից, ում խնդրանքով կամ ինչ նպատակով, քաղաքական ինչպիսի իրավիճակում, որ կաթողիկոսի ու տիրակալի ժամանակ է գրվել ձեռագիրը։ Այս ամենով պայմանավորված՝ Սրվանձտյանցը հիշատակարանների արտագրությունը ամենաարժեքավոր գործն է համարել իր աշխատանքում․ «Յիշատակարանաց տպագրութիւնը յոյժ պիտանի գործ մի է, որ կը լուսաւորէ պատմութիւնը, կը ցուցանէ անյայտ և շփոթեալ անունները անձանց և տեղաց, կ՚ուղղէ տարեգրութիւնները, կը յայտնէ իրողութիւններ և սովորութիւնները»20։

Սրվանձտյանցը առաջաբանում հայտնում է, որ նպատակ է ունեցել հետևել Ղևոնդ վարդապետ Փիրղալեմյանի օրինակին և ծանոթագրել հիշատակարանները21, սակայն ժամանակի և միջոցների սղության պատճառով միայն հրատարակության է պատրաստել դրանք: Այնուամենայնիվ, թե ժամանակի և թե ձեռագրերի պատասխանատու հոգևորականների անհանդուրժողական վերաբերմունքով պայմանավորված՝ նրան ոչ միշտ է հաջողվել հիշատակարաններն ամբողջությամբ արտագրել։ Երբեմն ամբողջական հիշատակարանից քաղվածքներ անելով՝ հեղինակը  հաղորդում է միայն գրչության հետ կապված ամենակարևոր տվյալները՝ գրչության տեղն ու ժամանակը կամ գրչի անունը։ Մեծ թիվ են կազմում այն ձեռագրերը, որոնց միայն ցանկերն են նշված. օրինակ՝ Դիարբեքիրի վիլայեթի Բարձրահայաց Ս. Աստվածածին վանքի 147 ձեռագրերից 47-ի հիշատակարաններն են արտագրված կամ Սրվանձտյանցը տեղեկացնում է, որ տվյալ բնակավայրից կամ վանքից համապատասխան թվով ձեռագրեր չի կարողացել արտագրել․ «․․․Ձեռագիրք Խուլէ վանից՝ 1 Ճառընտիր, 2 Աւետարան, 1 Գանձարան, 1 Կանոնագիրք Մխիթար Գօշի, զոր Մալաթիացի բողոքական Յովհաննէսը տարած էր կ’ըսէին։ Վերոյգրելոց յիշատակարաններ չկրցի օրինակել»22։ Կան նաև ձեռագրեր, որոնք հեղինակի վկայությամբ անհիշատակարան են եղել կամ ընկած թերթեր են ունեցել։

Սրվանձտյանցի ցուցակում են հայտնվել  այնպիսի ձեռագրեր, ինչպիսիք են հնագույն «Սասունցի ավետարան» անունով ձեռագիրը (1169 թ., պատկանել է Ակն  Ս. Գէորգ եկեղեցուն), Գրիգոր Մլիճեցու նկարազարդած ավետարանը (1174 թ., պատկանել է Տիգրանակերտի Ս․ Կիրակոս եկեղեցուն), Թորոս Ռոսլինի «Մալաթիայի ավետարանը» (1267-1268 թթ., պատկանել է Մալաթիա քաղաքին) ու «Սեբաստիայի ավետարանը» (1262 թ., պատկանել է Սեբաստիայի Ս․ Հրեշտակապետ վանքին) և այլևայլ արժեքավոր ձեռագրական նմուշներ։

Թորոս Աղբար աշխատությունն անգնահատելի արժեք է ներկայացնում, որի միջոցով պատկերացում ենք կազմում վերոնշյալ բնակավայրերի ձեռագրական հավաքածուների վերաբերյալ23։ Ժողովածուում կան նույնիսկ  ձեռագրեր կամ ձեռագրական հավաքածուներ, որոնք ոչ մի այլ տեղում վկայված չեն․ օրինակ, եթե Սեբաստիայի ձեռագրերը ցուցակագրվել են Թորգոմ Գուշակյանի կողմից մինչև 1915 թվականը (1908-1913 թթ.)24, ապա  Տիգրանակերտի Ս․ Սարգիս և Ս․ Կիրակոս եկեղեցիների կամ օրինակ Չնքուշի Սիրահայաց Ս․ Աստվածածին վանքի ու Արղնի Բարձրահայաց Ս. Աստվածածին վանքի հավաքածուների վերաբերյալ տեղեկանում ենք միայն Թորոս Աղբարից։ 

Մյուս կողմից մինչ այժմ համակարգված չէ, թե այդ ձեռագրերից քանի տոկոսն է ոչնչացել և քանիսը պահպանվել և կամ դրանք երբ են դուրս բերվել Սրվանձտյանցի նկարագրած վայրերից։

Վկայությունները ցույց են տալիս, որ Դիարբեքիրի վիլայեթի վերոնշյալ ձեռագրական հավաքածուները ոչնչացվել են 1895-96 թթ. Համիդյան զանգվածային կոտորածների ժամանակ։ Չնքուշի հոգևոր հովիվ Մինաս Ամրիկյան վարդապետը, նկարագրելով Սիրահայաց Ս․ Աստվածածին վանքի թալանն ու ավերածությունը` նշում է 760-ից ավել «գրչայ եւ տպագիր հազուագիւտ գրքեր, մատեաններ, վիպասանութիւններ, գաղիերէն, լատիներէն եւ տաճկերէն դիւաբարներ, նիզամնամաներ, ֆէրմաններ, պույրուլթուներ, իլամներ, կալուածագրեր, սէնէտներ, եւ այլք եւլն․»25։ Կամ, օրինակ, Տիգրանակերտի առաջնորդ Եզեկիել վարդապետ Արշակունին Փարիզի մասնավոր հավաքածուում հայտնված ձեռագրում թողած հիշատակագրության մեջ նկարագրում է Ս․ Սարգսի ձեռագրերի կողոպուտը․ «1895 թուին Քրիստոսի, հոկտեմբեր 20, Օսմանցոց Համիտ թագաւորի ժամանակին մեծ ջարդ մը տրուեցաւ հայոց ազգին։ Բոլոր Հայսատանի մէջ գտնուած Հայոց եկեղեցիները յափշտակուեցան, այրեցան, ունեցած հնութիւնները եւ սուրբ անօթները պղծելով ցիրուցան եղան։ Սոյն սուրբ Աւետարանը մեծ քանակութեամբ անօրեն տաճիկներէն առնուեցաւ։ Արդէն Տիգրանակերտի Ս․ Սարգիս եկեղեցիին կը պատկանէր եւ իր սեփհականութիւնն էր․․․»26։

Նկատի պետք է առնենք նաև, որ 1878-79 թթ. մինչև 1915 թ. ձեռագրերը կարող էին տեղափոխված լինել։ Նմանատիպ ցայտուն օրինակ է Ֆրիըր արվեստի սրահում հայտնված ավետարանը (թիվ 44.17, 1253 թ․), որը Չմշկածագի Հաղթուկ գյուղում նվիրել են Գարեգին Սրվանձտյանցին, վերջինս էլ նվիրել է Կ. Պոլսի ազգային Մատենադարանին, որտեղ մնացել է մինչև 1913 թվականը՝ ցուցակագրվելով 68 համարի ներքո և 1944 թվականին մտել է Ֆրիըր արվեստի սրահի հավաքածու27։ Իսկ Հայոց ցեղասպանության ընթացքում փրկված ձեռագրերը, ինչպիսիք են  Մալաթիա քաղաքին պատկանած Թորոս Ռոսլինի նկարազարդումներով «Մալաթիայի ավետարանը» (Մատենադարան, թիվ 10675 ձեռագիր), Ռոսլինի մյուս հռչակավոր գործի՝ «Զեյթունի ավետարանի» նման անհավատալի պատմություն ունի28։

Թորոս Աղբարի ձեռագրերի հայտնաբերման  ուղղությամբ մեծ աշխատանք են կատարել նաև հայերեն ձեռագրերի հիշատակարանների հատորները կազմող գիտնականներն, ովքեր համապատասխան թվականների շարքում հրատարակել են Թորոս Աղբարի հիշատակարանները29։ Նրանք նաև համեմատություն են անցկացրել՝ հայտնաբերելով Մատենադարանի հավաքածուն համալրած երեք ձեռագիր («Խորանաշատի ավետարանը» (թիվ 4823, 1224 թ․), Մաշտոցը (թիվ 4787, 1404 թ․) և «Զմրուտ ավետարանը» (թիվ 6420, 1604 թ․)30։

Թորոս Աղբարի ձեռագրերի վերաբերյալ մի շարք կարևոր ճշգրտումներ է կատարել նշանավոր արվեստաբան, բյուզանդագետ Սիրարփի Տեր-Ներսիսյանը։ Դուբլինի Չեսթր Բիթի գրադարանի Միացյալ նահանգների Ֆրիըր արվեստի սրահի ու Ուոլթերս արվեստի սրահի ձեռագրացուցակներում հեղինակն առանձին ենթավերնագրով անդրադարձել է ձեռագրերի պատմությանը՝ նախկին պատկանելությանը։ Եւ, ինչպես պարզվում է, Սրվանձտյանցի նկարագրած ձեռագրերից մի քանիսը համալրել են նշված հավաքածուները31։ Այս շարքում են Չեսթր Բիթի գրադարանի 570 համարի Ավետարանը (1541 թ․, պատկանել է Չմշկածագի Հաղթուկ գյուղին)32, Ֆրիըր արվեստի սրահի  44.17 Ավետարանը (1253 թ․, պատկանել է Չմշկածագի Հաղթուկ գյուղին)33 և Ուոլթերս արվեստի սրահի  Թորոս Ռոսլինի նկարազարդումներով «Սեբաստիայի ավետարանը» (թիվ  539, 1262 թ․, պատկանել է Սեբաստիայի Ս․ Հրեշտակապետի վանքին)34։ Այս բոլոր հայտնաբերված ձեռագրերը տեղ են գտել ցանկ-տախտակում։

ՑԱՆԿ-ՏԱԽՏԱԿԸ ՏԵ՛Ս ԱՅՍՏԵՂ։

Ձեռագրերի ցանկ-տախտակի սկզբունքները

Ցանկ-տախտակը բաժանված է համապատասխան վերնագրերով յոթ սյունակների․ Գտնվելու վայրԹիվ (ներկա հավաքածուի թվահամարն է), Բովանդակություն, գրչության կամ նորոգման Ժամանակ, Վայր, Գրիչ կամ ծաղկող կամ նորոգող և Ստացող կամ պատվիրատու։

Գտնվելու վայր վերտառությամբ սյունակում թավ տառերով նշված է բնակավայրի անունը, ապա վարչական ավելի փոքր միավորը կամ վանքը, եկեղեցին, իսկ որոշ դեպքերում՝ սեփականատիրոջ անունը: Ձեռագրական հավաքածուները առանձին-առանձին տեսնելու համար դրանք հաշվառել եմ ըստ վանքերի կամ եկեղեցիների, ինչպես նաև անհատների: Ցանկ-տախտակից դուրս եմ թողել հիշատակարանային տվյալներ չունեցող ձեռագրերը։ Ըստ գտնվելու վայրի` ձեռագրերը հետևյալ տեղաբաշխումն ունեն.

Ձեռագրերն ըստ գնվելու վայրի
ՁԵՌԱԳՐԵՐՆ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ

Թիվ վերտառությամբ սյունակում նշված է ձեռագրերի ներկայիս գտնվելու վայրերն ու դրանց թվահամարները. դրանք ընդգծված են  կանաչ տարբերանշանով, առցանց հասանելություն ունեցողները՝ դեղինով։ Իսկ չհայտնաբերված ձեռագրերի  դիմաց բացակայի նշան է դրած (=non vidi):  

Համեմատական աշխատանքն ամբողջացնելու ու վիճակագրական հետազոտությունների  համար կարևորել եմ նաև այն տվյալները, թե ձեռագրերը երբ և ում կողմից են մուտք գործել ներկա հավաքածու, որի մասին կարելի է տեղեկանալ հայտնաբերված ձեռագրերի հղումներում (ձեռագրացուցակներով պայմանավորված՝ ոչ բոլոր ձեռագրերի տվյալներն են ճշգրտված): Հետազոտությունը հիմնվում է նաև վերը նշված ձեռագրական կորուստների վերաբերյալ փաստերի վրա։

Բովանդակություն, ժամանակ, վայր, գրիչ կամ ծաղկող և ստացող սյունակների տվյալները լրացրել եմ հիշատակարանային տվյալների հիման վրա։

Ցանկ-տախտակում օգտագործված համառոտագրությունները հիմնականում համապատասխանում են ընդունված և հաճախ կիրառվող չափանիշներին։ Գտնվելու վայրը, վանքը, եկեղեցին կամ սեփականատիրոջ անունը առաջին անգամ հիշատակելիս ամբողջական է գրված, հաջորդիվ կրկնվելու դեպքում՝ համառոտած։ Ձեռագրական հավաքածուների հապավումները նշելիս հետևել եմ պրոֆեսոր Բերնարդ Կուլիի մշակած համառոտագրության համակարգին ( Մատենադարանի հավքածուն հայերեն՝ «Մ» տառով է նշված)35։

Տվյալները մուտքագրելիս պահպանել եմ Սրվանձտյանցի, ինչպես նաև հիշատակարանների լեզուն ու ուղղագրությունը։ Յուրաքանչյուր ձեռագիր հղում ունի, որում նշված է, թե ձեռագիրը Թորոս Աղբարի որ էջերն է զբաղեցնում, այնուհետև հավելած են նաև հիշատակարանների ժողովածուներում վերահրատարակությունները, ինչպես նաև ձեռագրի վերաբերյալ այլևայլ տեղեկություններն ու ճշգրտումները։ Ցանկ-տախտակում նախկին հետազոտողների կամ իմ ճշգրտումներն ու հավելումները ցույց է տրված   ուղղանկյուն չակերտներով։

Տեսադարան

ՕՐԻՆԱԿՆԵՐ «ՄԱԼԱԹԻԱՅԻ ԱՎԵՏԱՐԱՆ» ԵՎ «ԶՄՐՈՒՏ ԱՎԵՏԱՐԱՆ» ՁԵՌԱԳՐԵՐԻՑ

ՕՐԻՆԱԿՆԵՐ «ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ԱՎԵՏԱՐԱՆ» ԵՎ «ԱՄԻԴԻ ԱՎԵՏԱՐԱՆ» ՁԵՌԱԳՐԵՐԻՑ


Անուշ Սարգսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի հետազոտող է։ Նրա գիտական հետաքրքրությունների առանցքում են Ուշ միջնադարյան և Վաղ արդի շրջանի Ամիդի (Տիգրանակերտ, Դիրաբեքիր) ուսումնագիտական ու մշակութային կյանքը, աստվածաշնչին վերաբերող ազգաբանական ծառերն ու աղյուսակները, ժամանակագրական երկերն ու ունիթորական գրականությունը։ Ներկայումս գիտական ատենախոսություն է գրում 17-րդ դարի Ամիդի գրչության կենտրոնի ավագ ծաղկող Հովհաննես երեցի նկարազարդած Համառոտ աստվածաշունչի վերաբերյալ: Անուշի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեյով՝ [email protected]։


  1. «Գիրք փակեալ կուռք են» արտահայտությունը, վերցնելով Երզնկայի Ս․ Կիրակոս վանքում 1446 թվականին գրված հայսմավուրքի հիշատակարանից, շրջանառության մեջ է դրել Գարեգին Սրվանձտյանցը, տե՛ս Գարեգին վ․ Սրուանձտեանց,  Թորորս Աղբար Հայաստանի ճամբորդ, մասն Բ, (Կ. Պօլիս, Գ. Պաղտատլեան տպ., 1884),  էջ 245-252,  296-297:
  2. Ներկա հրապարակումը պատրաստելու ընթացքում  կարևոր խորհուրդներ տալու  համար շնորհակալ եմ Մատենադարանի աշխատակից Միհրան Մինասյանին։
  3. Ձեռագրական կորուստների մոտավոր հաշվարկը կատարել է Գևորգ Տեր-Վարդանյանը՝ Սուրեն Քոլանջյանի «Հայկական կոտորածները և մեր ձեռագրական կորուստները» հոդվածաշարի տվյալները համադրելով, տե՛ս Եղեռնը եւ մեր ձեռագրերի կորուստներն ու փրկութիւնները, հրատ․ Գէորգ Տէր-Վարդանեան, (Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատ․, 2015), էջ 8-9:
  4. Գարեգին վ․ Սրուանձտեանց, Թորորս Աղբար Հայաստանի ճամբորդ, մասն 1, (Կ. Պօլիս, Ե. Մ. Տնտեսեան տպ., 1879), մասն Բ, (Կ. Պօլիս, Գ. Պաղտատլեան տպ., 1884): Աշխատության էլեկտրոնային տարբերակը տե՛ս այստեղ։ Աշխատության երկու հատորները կարելի է գտնել և առցանց կարդալ  Հայաստանի ազգային գրադարանի  «Հայ գիրք» շտեմարանում:
  5. «Վերապրած մշակույթ» Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով, Մատենադարան, 2015 թ․, ապրիլի 28-29, զեկույցի վերնագիրը՝ «Թորոս Աղբարի» ձեռագրերի հետքերով: Ներկայացրած ցանկ-տախտակի նախնական տարբերակը պատրաստել եմ զեկույցի շրջանակներում:
  6. Գարեգին Սրվանձտեանց, Երկեր, հ. 1, (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․ 1979), հ. 2, (Երեվան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․ 1882),  պատրաստումն ու ծանոթագրություները Վարդ Բդոյանի։ Առաջաբանի հեղինակներ Վարդ Բդոյանն ու Էմմա Կոստանդյանը նշում են, որ ձեռագրերի ցուցակներին ու հիշատակարաններին անդրադարձել են 23-րդ ծանոթագրության 12-րդ կետում։ Այս ծանոթագրությամբ կարելի է տեղեկանալ, թե թվարկված բնակավայրերի ձեռագրերը առաջին հրատարակության որ էջերն են զբաղեցնում։ Երկրորդ հրատարակություն ունեցող հիշատակարաններին նշված հեղինակներն անդրադարձել են հպանցիկ կերպով՝ առանց ձեռագրական առանձին միավորներն հստակեցնելու։ Նման դեպքերում հղված են միայն  Լևոն Խաչիկյանի «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» և «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» աշխատասիրությունները,  տե՛ս, հ. 2, էջ 10-11, էջ 539-542։
  7. Նոր ձեռագրեր հայտնաբերելու դեպքում խնդրում ենք կապվել հետևյալ էլ-հասցնեներով. [email protected], [email protected]։ Ամեն նոր հայտնաբերված ձեռագիր ցանկ-տախտակի մեջ կմուտքագրվի հեղինակային իրավունքով։
  8. Գարեգին Սրվանձտյանցի կենսագրության մասին  տե՛ս Էմմա Կոստանդյան, Գարեգին Սրվանձտյանց (կյանքը և գործունեությունը), (Երևան, ԳԱԱ հրատ․, 2008)։
  9. Տե՛ս նաև «Հնոց եւ Նորոց» աշխատության մեջ տեղ գտած Մուշի Ս․ Կարապետի 139 ձեռագրերի ցանկը, Գարեգին վ․ Սրուանձտեանց, Հնոց եւ Նորոց․ Պատմութիւն վասն Դաւթի եւ Մովսէսի Խորենացւոյ, Թուղթ Դիոնէսիոսի օրինակք յիշատակարանց դամբարան Ս. Սուքիասեանց ձեռագիր մատեանք Քէշէ Պօլէ, (Կ․ Պոլիս, Ե. Մ. Տնտեսեան տպ․, 1874), էջ 140-149։
  10. Գրքի վերնագրի  մասին  տե՛ս  Սրվանձտյանցի առաջաբանը, Թորորս Աղբար, մասն 1, էջ Ա-Զ։
  11. Թորոս Աղբար, մասն 1, էջ Է-ԺԴ, մասն Բ, էջ Գ-Է։
  12. Մասնավորապես այցելել է հետևեալ գավառները, քաղաքներն ու գյուղաքաղաքները. Ամասիա, Մարզվան [Մերզիֆոն], Եւդոկիա [Թոքատ], Շապին Գարահիսար, Սեբաստիա [Սվազ], Տևրիկ [Դիվրիղի], Ակն [Քեմալիյե], Չարսանջակ, Արաբկիր, Չմշկածագ, Խարբերդ [Հարփութ], Չնքուշ [Չիունգիուշ], Բալու, Մալաթիա և Տիգրանակերտ [Դիարաբեքիր]։
  13. Մանրամասն տե՛ս Թորոս Աղբար, մասն 1, էջ Է-ԺԴ, մասն Բ, էջ Գ-Է,  Է․ Կոստանդյան, Գարեգին Սրվանձտյանց, էջ 172-176:
  14. Մանրամասն տե՛ս Թորոս Աղբար, մասն 1, էջ Է-ԺԴ, մասն Բ, էջ Գ-Է, Է․ Կոստանդյան, Գարեգին Սրվանձտյանց,  էջ 172-176։
  15. Ուղևորության պաշտոնական տվյալները արխիվային փաստաթղթերով ամբողջացնելու գործում մեծ աշխատանք է կատարել Էմմա Կոստանդյանը, տե՛ս Է․ Կոստանդյան, Գարեգին Սրվանձտյանց, էջ 172-184։
  16. Պրոֆեսոր Բերնարդ Կուլին հաշվել է 350 ձեռագիր, տե՛ս Bernard Coulie, Répertoiredes Bibliothèques et des Catalogues deManuscrits Arméniens (Corpus Christianorum), (Turnhout: Brepols, 1992), p.6.:
  17. Հայերեն ձեռագրերի գիտական առաջին նկարագրության հեղինակն է Հակոբ Տաշյանը, տե՛ս Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, կազմեց Հ. Յակովբոս Տաշեան, (Վիեննա, Մխիթարեան տպ․, 1895)։
  18. Թորոս Աղբար, մասն Բ, էջ 262, 308։
  19. Հայերեն հիշատակարանների մասին մանրամասն տե՛ս Խաչիկ Հարությունյան, Հայերեն ձեռագրերի հիշատակարանները, (Երևան, Տիգրան Մեծ հրատ․, 2019)։
  20. Թորոս Աղբար, մասն Բ, էջ 250։
  21. Սրվանձտյանցը առաջաբանում հայտնում է, որ նպատակ է ունեցել հետևել Ղևոնդ վարդապետ Փիրղալեմյանի օրինակին և ծանոթագրել հիշատակարանները
  22. Թորոս Աղբար, մասն Բ, էջ 349։
  23. Սրվանձտյանցի գործը լայն արձագանք է գտել դեռևս ժամանակակիցների կողմից։ 1896 թվականին Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Մյուլլերը Արղնիի Բարձրահայաց Սուրբ Աստվածածին վանքի ձեռագրական հավաքածուին նվիրված փոքրիկ գրքույկ է հրատարակել գերմաներեն լեզվով։ Պրոֆեսոր Մյուլլերը Սրվանձտյանցի հրապարակած հիշատակարաններից քաղվածքներ անելով՝ նպատակ է ունեցել մեծարժեք այդ ձեռագրական հավաքածուն հասանելի դարձնել եվրոպացի ուսյալ գիտնականներին, տե՛ս Friedrich Müller, Die Armenischen Handschriften Des Klosters Argni (Argana), (Wien: Gerold in Komm.,1896). Աշխատությունն արժևորվել է նաև Հայոց ցեղասպանության համատեքստում՝ դիտարկվելով Սուրեն Քոլանջյանի «Հայկական կոտորածները և մեր ձեռագրական կորուստները» հոդվածաշարում, տե՛ս Էջմիածին, 1965,  թիվ Բ-Գ-Դ, էջ 96-107:
  24. Ցուցակ հայերէն ձեռագրաց Ս․ Նշանի վանուց Սեբաստիա, կազմեց Թորգոմ արքեպ․ Գուշակեան, (Վիեննա, Մխիթարեան տպ․, 1961): Այս ձեռագրացուցակում ընդգրկված է 283 ձեռագիր, որոնցից Սրվանձտյանցը ցանկագրել է 89-ը։
  25. Գառնիկ Գէորգեան, Չնքուշապատում, հ. 1, (Երուսաղէմ, Ս․ Յակոբեանց տպ․,  1970),  էջ 55-56: Մինաս Ամրիկյան վարդապետը 1908 թվականին  հիշատակագրություն է թողել Երուսաղեմի թիվ 2796 ձեռագրում (հավաքածու), տե՛ս Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Յակոբեանց, հ. 8, կազմեց Նորայր Պողարեան, (Երուսաղէմ, Ս․ Յակոբեանց տպ․, 1977), էջ 426-429։
  26. Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Եւրոպայի մասնաւոր հաւաքումներու, կազմեց Արտաւազդ արք. Սիւրմէեան, (Փարիզ, Գ․ Խաթիկեան տպ․,  1950), էջ 24-25։ Այս ձեռագիրը չեմ հայտնաբերել Սրվանձտյանցի ցուցակում։ Ս․ Սարգիս եկեղեցու ավերածությունների մասին տե՛ս նաև «Արմենիա» թերթի 1896 թվականի փետրվարի համարը, վերատպությունը տե՛ս Տիգրան Մկունդ, Ամիտայի արձագանքները, հ. Ա, (Նիւ Ճէրզի,  1950), էջ 222-235: Նույն կերպ Բարձրահայաց Սուրբ Աստվածածին վանքն ամբողջությամբ թալանվել ու կողոպտվել է համիդյան կոտորածների ժամանակ, տե՛ս Ս․ Քոլանջյան, «Հայկական կոտարածները եւ մեր ձեռագրական կորուստները», Էջմիածին, 1965,  թիվ Բ-Գ-Դ, էջ 103։
  27. Sirarpie Der Nersessian, Armenian Manuscripts in the Freer Gallery of Art, (Washington, DC: Smithson Institution, 1963), pp․18-19․
  28. «Մալաթիայի ավետարանի» պատմությունը տե՛ս Catalogue of Twenty-Three Important Armenian Illustrated Manuscripts, Which Will Be Sold By Auction By Messrs, (London: Sotheby & Co, 1967), pp. 8-11, Lot 2; Լևոն Խաչիկյան, Աշխատություններ, հ․ Գ, (Երևան, Նաիրի հրատ․, 2008), էջ 591-603: «Զեյթունի ավետրանաի» մասին տե՛ս Heghnar Zeitlian Watenpaugh, The Missing Pages: The Modern Life of a Medieval Manuscript from Genocide to Justice, (Stanford, CA: Stanford University Press, 2019)․
  29. Գարեգին Ա կաթողիկոս, Յիշատակարանք ձեռագրաց, հ. Ա (Ե դարից մինչև 1250 թ.), (Անթիլիաս, Կաթողիկոսութեան հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ տպ․, 1951): ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմեց Լևոն Խաչիկյան, (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1959)։ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն առաջին (1401-1450 թթ.), կազմեց Լևոն Խաչիկյան, (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1955), մասն երկրորդ (1451-1480 թթ.), (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1958), մասն երրորդ (1481-1500 թթ.), (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1967)։ Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԴ դար, մաս Ա (1301-1325 թթ.), կազմողներ Լևոն Խաչիկյան, Արտաշես Մաթևոսյան, Արփենիկ Ղազարոսյան, (Երևան, Նաիրի հրատ․, 2018)։  Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԳ դար, կազմեց Արտաշես Մաթևոսյան, (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1984)։ Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ Ե-ԺԲ դարեր, աշխատասիրութեամբ Արտաշես Մաթևոսյանի, (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1988)։ Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1601-1620 թթ.), հ. Ա,  կազմեցին  Վազգեն Հակոբյան և Աշոտ Հովհաննիսյան, (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․,1974), հ. Բ (1621-1640 թթ.), (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1978), հ. Գ (1641-1660 թթ.), կազմեց Վազգեն Հակոբյան, (Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․ 1984)։
  30. Տե՛ս Թորոս Աղբար, մասն  Բ, էջ 272-275, հմմտ․ Գարեգին Ա կաթողիկոս, Յիշատակարանք ձեռագրաց, հ. Ա,  էջ 838-842։ Տե՛ս Թորոս Աղբար, մասն Բ, էջ 276-277, հմմտ․ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն առաջին (1401-1450 թթ.), էջ 47: Տե՛ս Թորոս Աղբար, մասն Բ, էջ 266-267, հմմտ․ Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1601-1620 թթ.), հ. Ա, էջ 145-149։
  31. Տեր-Ներսիսյանը Սրվանձտյանցի Թորոս Աղբարին հղելիս թույլ է տվել մեկ վրիպում՝ նշելով, որ տվյալ ձեռագրերը նախկին պատկանելության վայրերում մնացել են մինչև 1884 թվականը։ Ըստ էության, հեղինակն առաջնորդվել է Թորոս Աղբարի երկրորդ մասի հրատարակման տարեթվով, սակայն ինչպես նշել ենք վերևում, ուղևորությունը տեղի է ունեցել 1878-79 թվականներին։
  32. Sirarpie Der Nersessian, The Chester Beatty Library: A Catalogue of the Armenian Manuscripts, (Dublin: Hodges Figgis & Co., 1958), pp. 67-69, 105-109.
  33. S. Der Nersessian, Armenian Manuscripts in the Freer Gallery of Art, pp.18-25.
  34. Sirarpie Der Nersessian, Armenian Manuscripts in the Walters Art Gallery, Baltimore, (Baltimore, MD: Published by the Trustees, 1973), pp. 10-30, 86-88. Տեր-Ներսիսյանը նմանություն է տեսել նաև  Ուոլթերս արվեստի սրահի  541 համարի «Ամիդի ավետարանի» (Amida Gospels) և 1611 թվականին գրված և Տիգրանակերտի Ս. Սարգիս եկեղեցուն պատկանած ավետարանի միջև: Սակայն Ուոլթերսի ձեռագրից հիշատակարանի ընկած էջի պատճառով խուսափել է բացարձակ կարծիք հայտնելուց, տե՛ս S. Der Nersessian, նույն տեղում, pp. 56-62, 90-91, հմմտ․ Թորոս Աղբար, մասն Բ, էջ 424:  Ձեռագրի մասին մանրամասն տե՛ս ներկա հետազոտության ցանկ-տախտակում։
  35. Համառոտագրություներն ու հապավումները տե՛ս այստեղ։